Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի

 Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի

Դիարբեքիրի հայության կյանքում կարևոր դեր խաղացող այս եկեղեցին գտնվում է Սուր թաղամասի Գյոչմեն փողոցի վրա, որը հայտնի է որպես «գյավուրների» թաղամաս, քանի որ մինչև 1915թ. այստեղ մեծ թվով հայեր են բնակվել: Ս.Կիրակոս եկեղեցին քաղաքում մնացած 7 եկեղեցիներից մեկն է: 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ. Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ 1515 կամ 1518 թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց ս. Կիրակոս եկեղեցին։ Իսկ որոշ աղբյուրների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1376թ.-ին: Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը, հանդիպումների սրահ, ճաշասենյակ, հոգևորականների համար նախատեսված սենյակներ: Ընդհանուր համալիրը զբաղեցնում է 3200քմ տարածք, որի 85 տոկոսը կազմում է հենց եկեղեցին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին զավթել էր գերմանական բանակը, իսկ 1918թ.-ին այն վերածվել էր տեքստիլային պահեստի: 1952թ.-ին հայ համայնքը դիմել էր իշխանություններին այն վերադարձնելու խնդրանքով, որից հետո եկեղեցին կրկին հանձնվել էր հայերին: Այդուհանդերձ, այն կիսաքանդ վիճակում է եղել մինչև 1980 թվականը: Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։
Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցին համարվող Ս.Կիրակոսի զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1915-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածել են թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից: Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ» եկեղեցին վերանորոգելու համար, որի նախագահն է Էրգյուն Այիկը։ Վերջինս նշել է, որ այլ պետական ինստիտուտներ չեն ցանկացել մասնակցություն ունենալ այս գործում, թեև հիմնադրամը դիմել էր նրանց ավելի մեծ բյուջեի համար: 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։ Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2009թ.-ի վերջին և ավարտվել են 2011թ.-ի հոկտեմբերին, որից անմիջապես հետո` նույն տարվա հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել բացման արարողությունը, իսկ հոկտեմբերի 23-ին` առաջին պատարագը, որին մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և ուրիշներ: Զանգակատան վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2012թ.-ին: Վերականգնումից հետո եկեղեցու գմբեթին ամրակցվել է Մոսկվայում պատրաստված 100կգ բրոնզեձույլ խաչ: Վերջերս եկեղեցու մի մասում բացվել է հայ արվեստի նմուշների ցուցահանդես:
Վերջին մեծ պատարագը Ս.Կիրակոս եկեղեցում տեղի է ունեցել 2013թ.-ի սեպտեմբերի 10-ին: Ծիսակարգն իրականացրել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պատարագին ներկա է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։ Պատարագին ներկա գտնվելու համար աշխարհի տարբեր ծայրերից Դիարբեքիր էին ժամանել մեծ թվով հայեր:

Tagged: , ,

Թողնել մեկնաբանություն